Մեր նախորդ հոդվածում սկսեցինք ձեզ ներկիայացնել այն տարածված սխալները, որոնք մարդիկ անում են լողասենյակը ձևավորելիս։ Նախորդ անգամ հիմնականում անդրադարձել ենք ներքին հարդարմանը, այս անգամ ներկայացնելու ենք ավելի շատ տեխնիկական հարցեր, որոնք, թվում է, թե մանրունք են, սակայն էապես ազդում են ողջ աշխատանքի արդյունավետության վրա։
Ոչ ամբողջական համակարգերի ընտրություն
Շատերն են երազում օրը սկսել հորդառատ անձրև հիշեցնող ցնցուցի տակ, որը բացի թարմացնելը կարող է նաև մերսել։ Մինչև կշտապեք սանտեխնիկայի խանութից գնել մեծ չափի ցնցուղ, կանչեք համապատասխան մասնագետի ու համոզվեք, որ ձեր խողովակները, ջրի համակարգը ձեզ այդպիսի հնարավորություն տալիս են։ Հաճախ ջրի համակարգը թույլ է լինում ու ցնցուղի մեծ գլխիկից ուղղակի բարակ ջուր է գալիս։ Այսպիսով՝ ուշադրություն դարձրեք համակարգի ամբողջությանը, եթե հարկ կա, ապա փոխեք խողովակները, ծորակները, որպեսզի ամեն ինչ փոխկապակցված աշխատի ու ձեր երազած միջավայրն ապահովվի։
Ջրի վատնում
Մեր բախտն ուղղակի բերել է, որ Հայաստանում գրեթե լուծված է մշտական խմելու ջրի խնդիրը։ Մեր երկիրը հարուստ է ջրով, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այն անխնա վատնենք ու չմտածենք խնայելու մասին։ Սովորեցրեք ինքներդ ձեզ, սկսեք փոքր քայլերից։ Եվրոպական երկրներում, օրինակ՝ առաջարկում են լոգանքի կամ ցնցուղ ընդունելու տևողությունը կրճատել գոնե 5 րոպեով։ Սա տարբերակներից մեկն է։Մյուսը՝ խնայող ցնցուղներ օգտագործելն է։Կան ռեժիմներ, որոնցից օգտվելիս կարող եք օգտագործել համեմատաբար քիչ ջուր։ Գոյություն ունեն ցնցուղային համակարգեր, որոնցով կարելի է հեշտությամբ ինչ-որ պահերի ջուրն անջատել, հետո նորից միացնել, երբ դրա կարիքը կա։ Մի թողեք ջուրն ուղղակի հոսի, այդպես և վճարն է շատ լինելու և անիմաստ վատնելու եք կյանքի համար այդքան կարևոր ռեսուրսը։
Ոչ իր տեղում
Արդեն սովորական է դարձել, որ լողասենյակում կարելի է օգտագործել պաստառներ։ Բայց լողասենյակի ամենախոնավ վայրում պաստառների երկարակեցությունն ապահովելու համար պետք է դրանք ամրացնել այն հատվածներում, որտեղ խոնավությունը հնարավորինս քիչ կլինի։ Կարող եք այժմ շուկայում գտնել նաև անջրանցիկ պաստառներ, բայց սրան զուգահեռ մի մոռացեք մշտապես օդափոխելու մասին։ Խոնավությունը շատ շուտ կփչացնի ձեր աշխատանքը։
Անփույթ լուսավորություն
Լուսավորության թեմային մենք նախկինում արդեն անդրադարձել են՝ պատմելով, թե ինչպիսի լուսավորություն կարելի է ունենալ լողասենյակում։ Այժմ պիտի խոսենք նաև դրա անվտանգության մասին։ Մշտապես ընտրեք խոնավ միջավայրին համապատասխան սարքավորումներ։ Լուսավորության վատ մոնտաժման պատճառով հաճախ դժբախտ պատահարներ են լինում, իսկ որպեսզի դրանցից խուսափեք հրավիրեք մասնագետի, ընտրեք որակյալ լուսատուներ, մեծ ուշադրություն դարձրեք լողասենյակի հոսանքի մոնտաժմանը։
Ամեն ինչ ինքներդ մի արեք
Եթե դուք դրա մասնագետը չեք, ապա ավելի լավ է ռիսկի չդիմեք։ Հաճախ մարդիկ մտածում են, որ երբ ամբողջ գործն իրենք անեն, ապա բավական գումար կխնայեն։ Սա ճիշտ կլիներ, եթե դուք դրա մասնագետը լինեիք ու վստահորեն տիրապետեիք բոլոր մանրուքներին։ Ինչպես արդեն տեսաք, լողասենյակում բազմաթիվ հարցեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի հետո ստիպված չլինեք նորից վերանորոգել կամ ավելի շատ գումար հատկացնել։
Ստուգեք պատվիրված իրերը, մտածեք տան մյուս հատվածները չվնասելու մասին
Եթե որոշել եք լողասենյակի վերանորոգման համար ինչ-որ բաներ պատվիրել, ապա պատվերը ստանալու ժամանակ ստուգեք դրանք, որպեսզի եթե վնասված մասեր լինեն կարողանաք վերադարձնել։ Վերանորոգման աշխատանքները բավական անհանրմարություններ են ստեղծում, հոգ տարեք տան մյուս իրերի ու սենյակների մասին, որպեսզի աշխատանքի ընթացքում դրանք չվնասվեն։ Ծածկեք հատուկ ծածկոցներով, եթե կան իրեր, որ կարող եք տուփերի մեջ դնել ժամանակավորապես, ապա այդպես վարվեք։
Քամուն մի տվեք ձեր բյուջեն
Վերանորոգում սկսելուց առաջ մանրակրկիտ հաշվարկեք, թե ինչի վրա ինչքան եք պատրաստվում ծախսել։ Ամբողջ ընթացքում հետևեք ձեր նախնական տվյալներին, հաճախ այնպես է ստացվում, որ վերանարոգման ավարտին դուք ծախսած եք լինում շատ ավելի շատ, քան նախատեսել էիք։ Շատ կարևոր է, որ մինչև վերանորոգում սկսելը այցելեք խանութներ, ծանոթանաք սանտեխնիկայի գներին, համեմատեք։ Խորհուրդներ հարցրեք մասնագետներից, ճշտեք, թե նրանց ծառայությունն ինչ արժե և ինչու չէ, սպասեք խանութներում զեղչերին, դրանք կօգնեն մի փոքր տնտեսել վերանորոգման ընթացքում։