
Շատ երկրներում բիդեների օգտագործումը լայնորեն տարածված է: Չնայած սրան՝ օրինակ Ամերիկայի ոչ բոլոր տներում կհանդիպեք բիդեների: Շատ մարդիկ լոգասենյակ գնալու թեման տաբու են համարում ու ընդհանրապես չեն քննարկում լոգասենյակում իրենց սովորությունները՝ համարելով այն զգայուն թեմա: Շատերը բիդե ունենալու թեման համարում են զվարճալի, ոմանք՝ տարօրինակ, իսկ մի մասն էլ ուղղակի չի գիտակցում դրա օգտակարությունը:
Այս հոդվածի նպատակն է ներկայացնել, թե հատկապես որ առավելությունների համար կարելի է մտածել լոգասենյակում բիդե ունենալու մասին: Բիդեների օգտագործումը մեր իրականություն ներթափանցեց հատկապես վերջին տարիներին: Ըստ որոշ հետազոտությունների՝ օրինակ՝ Ճապոնիայում բնակչության 60%-ի տներում կա բիդե, իսկ ահա Վենեսուելայում ու Հարավային Ամերիկայում տարածվածությունը մոտ 90% է: Բիդեն տարածված է նաև Եվրոպայում, Ասիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, իսկ ահա Ամերիկայում այն այնքան էլ հռչակ չի վայելում:
Նախ և առաջ՝ ի՞նչ է բիդեն:
Բիդեն զուգարանակոնք հիշեցնող լվացարան է, որն օգտագործվում է զուգարանից հետո սեռական օրգանները ջրով լվանալու համար: Այն ոչ մի պարագայում պետք չէ օգտագործել զուգարանակոնքի փոխարեն ու դրա մեջ հոգալ կարիքները: Գոյություն ունեն բիդեի տարբեր տեսակներ: Գնելիս ուշադիր ընտրեք, թե հատկապես Ձեզ որ տեսակն է հարմար: Որոշ բիդեներ ունեն տաքացվող նստատեղ, որոշներն ապահովում են տաք ջուր, տարբերակներ կան, որոնք լվացվելուց հետո առաջարկում են տաք օդով չորացում:
Տարբեր մարդիկ տարբեր նախասիրություններ ունեն, ոմանք նախընտրում են մաքուր ջրով լվացվելուց հետո օգտագործել զուգարանի թուղթ, ոմանք՝ ուղղակի մաքուր սրբիչ, իսկ ոմանք էլ՝ տաք օդը:
Իսկ հիմա ներկայացնենք 5 պատճառ, թե ինչու է պետք մտածել լոգասենյակում բիդե տեղադրելու մասին:
1. Հիգիենա
Առաջին տեղում, իհա՛րկե, հիգիենան է: Երբ ձեր ձեռքերը կեղտոտ են, դուք դրանք ուղղակի թղթի սրբիչով չեք մաքրում, այլ մանրակրկիտ լվանում եք տաք ջրով ու օճառով և հետո միայն չորացնում թղթով կամ սրբիչով: Նույն խնամքն է պահանջվում նաև սեռական հատվածների համար, չէ՞ որ դրանք ավելի զգայուն հատված են և առավել մեծ ուշադրություն են պահանջում: Թուղթն ինչքան էլ մաքրի, այն երբեք չի փոխարինի սովորական ջրով լվացմանը:
2. Ավելի մատչելի է, քան թուղթը
Երբևէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով ինչքան թուղթ եք օգտագործում լոգասենյակում: Ամբողջ ընթացքում դուք հաստատապես ավելի շատ եք ծախսում զուգարանի թղթի վրա, քան բարձրորակ բիդե գնելու դեպքում: Իսկ եթե դուք մեծ ընտանիք ունեք, ապա այն ավելի մատչելի է, քան ամեն շաբաթ մեծ տուփերով գնված թուղթը:
3. Էկոլոգիական նշանակությունը
Տարեկան ահռելի քանակությամբ թուղթ է ծախսվում, ինչն անկասկած ազդում է բնության պահպանման վրա: Իսկ բիդեի օգտագործած ջրի քանակն այնքան չէ, որ դրա համար անհանգստանաք:
4. Օգտակար է առողջության համար
Բիդեները կարևոր հարմարանք են նաև այն մարդկանց համար, ովքեր որոշակի առողջական խնդիրներ ունեն: Ավելին, այն բիդեները, որոնք ունեն տաք օդով չորացում շատ հարմար են զգայուն կամ գրգռված մաշկ ունեցող մարդկանց համար:
5. Բիդեն՝ շքեղություն
Իհա՛րկե, այս կետը մի փոքր վիճելի է, որովհետև այն առաջին հերթին առողջության ու հարմարավետության համար է: Իսկ ահա, թե ձեր տանն ինչպիսի բիդե կունենաք ու ինչ հարմարություններով հագեցած, հարցի մյուս կողմն է: