
Լողասենյակի հարմարավետության և սանտեխնիկայի ընտրության հարցերը կարգավորելուց հետո անհրաժեշտ է մտածել այն փոքրիկ դետալների մասին, որոնք էականորեն փոխում են այդ սենյակի հարդարանքը։ Այդ իրերին հաճախ առանձին ուշադրություն չեք էլ դարձնի, բայց համադրության ու ընդհանուրի մեջ դրանք անչափ կարևոր են։ Կարելի է ասել վերջին վրձնահարվածներն են ձեր «կտավին»։ Ընդհանրապես ցանկացած աշխատանքի մոտեցեք այնպես, կարծես դա ձեր լավագույն ստեղծագործությունն է, ամբողջացրեք ու վերջացրեք այն։ Լողասենյակը բացառություն չէ, հետևեք մեր առանձնացրած կետերին, դրանք ձեզ հաստատ կօգնեն։
Լողասենյակը ձևավորելու կարևոր նպատակներից մեկն այն օազիսի վերածելն է, որտեղ հնարավոր կլինի հանգստանալ ու վերականգնվել։ Սրան զուգահեռ, լողասենյակը պետք է լինի պրակտիկ և նեղության զգացողություն չառաջացնի։
1․ Բուսականություն
Շատ շատերը խուսափում են լողասենյակում բույսեր ունենալ։ Եվ իզուր։ Որևէ բույս, որը շատ եք սիրում ծաղկամանով դրեք լողասենյակում։ Այն ամառ թե ձմեռ ձեզ մոտ բնությանը շատ մոտ լինելու զգացողություն կառաջացնի։ Եթե մեծ տարածք չունեք բույսերի համար, կարող եք կախովի տարբերակներ ընտրել։ Կարող են որպես տարբերակ լինել նաև ապակյա ծաղկամանի մեջ աճող բույսերը։
2․ Նկարներ
Մարդիկ, ովքեր մտածում են, թե լողասենյակում նկարներ չեն կարող լինել, սխալվում են։ Իհարկե, կարող են լինել։ Այդպես կընդգծվի ձեր ոճն ու անհատականությունը։ Եթե տարածքը թույլ է տալիս մի ամբողջ պատ հատկացրեք նկարներով կոլաժ ստանալուն, եթե՝ ոչ, ապա մի նկար օգտագործեք, որն ամեն ինչ իր տեղը կգցի։ Միայն հետևեք, որ դրանք շրջանակված և ապակու տակ լինեն խոնավության պատճառով չփչանալու համար։
3․ Լուսավորություն
Լուսավորությունը կարող է ընդգծել կամ ընդհակառակը, փչացնել ձեր հարդարանքը։ Այն նաև ազդում է տրամադրության վրա։ Օգտագործեք ավելի մեղմ լույսեր։ Կարող եք առանձին լամպ ունենալ, այն գեղեցիկ հավելում կլինի մնացած լույսերի հետ։ Իսկ հայելու համար օգտագործեք հայելին եզրագծող լույսեր։ Դրանք և գեղեցիկ են, և օգտակար։
4․ Կողովներ
Շուկայում այժմ հասանելի են տարբեր չափի, գույնի և ձևի կողովներ։ Օգտագործեք, դրանք և՛ պրակտիկ են, և՛ դեկորատիվ նշանակություն ունեն։ Կարող եք օգտագործել նույն արկղի տարբեր չափեր։ Մեկի մեջ լցրեք օգտագործված հագուստը, մյուսների մեջ դասավորեք հիգենայի պարագաները, իսկ մյուսի մեջ դրեք մաքուր սրբիչները։
5․ Աքսեսուարներ
Ավելացրեք այնպիսի աքսեսուարներ, որոնք կարող են երկակի նշանակություն ունենալ։ Օրինակ՝ ամրացրեք պատից կախովի փոքրիկ պահարան, որտեղ կարող եք թաքցնել այն իրերը, որոնք մյուսների համար պիտի անտեսանելի լինեն, ու դարակի վերևի մակերեսն օգտագործեք ծաղկաման կամ էլ մոմեր դնելու համար։ Քանի որ նշեցինք մոմերի մասին, մտածեք հոտավետ մոմեր կամ էլ յուղեր ունենալու մասին։ Դրանց առկայությունը լողասենյակում ապահովում է 24-ժամյա թարմություն։