Հաճախ թվում է, թե լողասենյակի կահավորումը կամ ձևավորումը հեշտ է․ ընդամենը պետք է ընտրել զուգարանակոնքը, լվացարանը և լոգարանը։ Սա ամենատարածված սխալներից մեկն է, քանի որ իրականում այս սենյակի ձևավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն բոլոր մանրուքները։ Ցանկացած սխալ քայլ կարող է պատճառ դառնալ, որ շատ շուտ դուք ստիպված լինեք դարձյալ ձևափոխել լողասենյակը։ Անհրաժեշտ է լողասենյակում ունենալ ազատ շարժվելու տարածք, ինչ-որ բան պահելու հարմարանքներ, մի խոսքով՝ ամեն ինչ պետք է կշռադատված լինի ու հարմար ընտանիքի բոլոր անդամների համար, այդ թվում՝ ամենափոքրերի։ Հետևեք մեր առանձնացրած խորհուրդներին, որպեսզի լողասենյակի կահավորման աշխատանքները մղձավանջի չվերածվեն, այլ ընդհակառակը՝ հաճույք պատճառեն սկզբից մինչև վերջ։
Ոչ ծուլությանը
Լողասենյակում պետք է լինի տարածություն, ազատ տարածություն։ Մի փորձեք ամեն ինչ իրար կողքի շարել միայն թե իրար մոտ լինեն։ Այդպիսով դուք սահմանափակում եք նաև ձեր շարժունակությունը։ Ցանկացած սանտեխնիկայի շուրջ պետք է ազատ տարածություն լինի, որպեսզի կարողանաք հարմարավետ կանգնել, նստել։ Օրինակ՝ պետք է 60 սմ հեռավորություն թողնել զուգարանի և դրա դիմաց եղած ամենամոտիկ այլ սանտեխնիկայի միջև։ Իսկ ահա զուգարանի թղթի հարմարանքները, կամ սրբիչները կախելու տեղերը պետք է ձեռքի հեռավորության վրա բաշխված լինեն։ Այդպես դուք ձեզ համար հարմարավետություն եք ստեղծում, իսկ եթե շարժվելու տեղ չթողնեք, կսկսեք նյարդայնանալ։
Խողովակներն առաջին տեղում
Մինչև ներքին հարդարանքին կամ արդեն սանտեխնիկայի տեղադրմանն անցնելը վստահ եղեք, որ ամենակարևոր հարցը լուծել եք։ Խոսքը խողովակների մասին է։ Այնպես տեղադրեք դրանք, որ որոշ ժամանակ անց ստիպված չլինեք վերանորոգումը քանդել նորից ինչ-որ բան փոփոխելու համար։ Ուշադրություն դարձրեք խողովակների ամրությանը, խորհրդակցեք մասնագետների հետ։ Խողովակների նման կարևոր է նաև ջրահեռացման համակարգերի հարցը, չէ-որ դրանք վերջնաարդյունքում պիտի կապված լինեն խողովակների հետ։
Անհարկի մի փոփոխեք ծորակների տեղերը
Եթե վերանորոգում եք լողասենյակն ու ուզում եք փոխել խողովակներն ու ծորակների տեղերը, ապա լավ կանեք առաջին հերթին խորհրդակցեք մասնագետի հետ։ Այս ամենի փոփոխությունը կարող է բավական թանկ արժենալ ձեզ վրա, բացի այդ, երբեմն անհարկի փոփոխություններն ավելի շատ խնդիրներ են առաջացնում, քան լուծում են արդեն եղածները։
Փոքր տարածքները մի՛ բեռնեք մեծ իրերով
Եթե ձեր լողասենյակը փոքր է, ապա խուսափեք իրար գլխի հավաքել մեծ սանտեխնիկա։ Օրինակ՝ լոգարան տեղադրելը բավական կփոքրացնի առանց այն էլ փոքր տարածքը, փորձեք տեղադրել լողախցիկ։ Կահավորեք տարածքը մինիմալիստական ոճով, առանց այն էլ փոքր տարածքը մի ծանրաբեռնեք ավելորդ և ոչ պետքական իրերով։ Ժամանակի ընթացքում ստիպված եք լինելու անպետք իրերը հեռացնել կամ նոր տեղ գտնել դրանց համար։
Բավարար քանակի դարակներ տեղադրեք
Շամպույնները, լոգանքի հեղուկները ու խնամքի այլ պարագաները հստակ դասավորելու կարիք է լինելու, հենց սկզբից տարածք նախատեսեք դրանց համար։ Գեղեցիկ են լինում ներկառուցված պահարանները, որոնք կարող են լինել և՛ բաց, և՛ փակ։ Խնամքով դասավորված իրերը միշտ էլ աչք են շոյում։
Անբավարար ջեռուցում
Եթե լողասենյակը մեծ է, ապա այն չի կարող բավարար տաքանալ ընդամենը 1 ջեռուցվող չորանոցով։ Այս խնդիրը հատկապես ակնառու է լինում ձմռանը։ Այդ իսկ պատճառով հաշվարկեք, թե ինչքան եք նախատեսել ջեռուցման համար և ավելացրեք ջեռուցման այլ համակարգեր ևս։
Վատ օդափոխություն
Լողասենյակը տան ամենախոնավ վայրն է, այդ իսկ պատճառով հետևողականորեն վերաբերվեք այդ սենյակի օդափոխությանը։ Հարցին պատասխանատվորեն պետք է մոտենալ երբ լողասենյակը պատուհան չունի, որպեսզի հավելյալ կարողանաք օդափոխել։ Տեղադրեք այնպիսի համակարգեր, որոնք ժամանակ առ ժամանակ կմիանան ու միշտ կօդափոխեն սենյակն անգամ ձեր բացակայության ժամանակ։
Լողասենյակը կահավորելիս թույլ տրվող ամենատարածված սխալների մյուս մասին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակման մեջ։