2019 թվականի լողասենյակների լավագույն թրենդերը (մաս 2)

2019 թվականի լողասենյակների լավագույն թրենդերը (մաս 2)

Նախորդ հոդվածում ներկայացրել էինք 2019 թվականի լավագույն թրենդների մի մասը, իսկ այժմ շարունակում ենք թեման՝ առաջարկելով նաև այլ տարբերակներ:

Ժամանակակից ռաստիկ լողասենյակներ

Արդեն նշել ենք, որ փայտի օգտագործումը լողասենյակներում գեղեցիկ տեսք է ապահովում, բայց ռաստիկ ոճ ստանալու համար պետք է անկյունային կտորներ օգտագործել աչքի ընկնող աքսեսուարներով։ Գեղեցիկ է օրինակ՝ լոգարանի պատը փայտով ձևավորել։ 

Պատով առանձնացված ցնցուղ

Ժամանակակից լողասենյակներում թրենդային են առանձնացված ցնցուղները։ Սա հնարավորություն է տալիս առանձին անկյուն ստանալ, որը ինչ-որ առումով կտրված կլինի զուգարանից, լվացարանից ու երբեմն նաև լոգարանից։ 

Ապակյա միջնապատեր

Պատից պատ կամ հատակից առաստաղ ձգվող ապակյա պատերը, խոստովանեք, որ աննկարագրելի գեղեցիկ ու նրբաճաշակ ինտերիեր են ապահովում լողասենյակներում։ Այս լուսանկարի լողասենյակն իրականում այդքան էլ մեծ չէ, բայց ապակյա լողախցիկը տարածության տպավորություն է ստեղծում։ Այս ոճը 2019-ի ամենաթրենդայիններից է, ուղղակի այն ավելի ինտիմ է ու համապատասխանում է կամ մենակ ապրողներին, կամ զույգերին։ 

Լողասենյակների թրենդային գույներն են

Սև և սպիտակ

Կարիք չկա, որ լողասենյակը շատ մեծ լինի, որ ժամանակակից տեսք ունենա։ Կարող եք ներքին հարդարանքի համար օգտագործել սև և սպիտակ գույներն ու ստանալ դասական, գեղեցիկ ոճ։ 

Սև կամ մուգ մոխրագույն

Այս գույների համադրությունը նույնպես ժամանակակից տեսք է տալիս լողասենյակին։ Կարող եք սև ծորակներ, լոգարան կամ պաստառներ ընտրել, իսկ կոնտրաստի համար ընտրել բնական սպիտակ աքսեսուարներ։ 

Չեզոք գույները 

Պաստելային գույները միշտ էլ արդիական են ու իդեալական են փայտի, ապակու, քարի, կերամիկայի և փայլուն մետաղների հետ համադրության համար։ Այս գույները միշտ ավելի տարածված են լողասենյակներում ու կարծես հանգստություն խորհրդանշում։

Համարձակ գույներ

Համարձակ գույները հաճախ մարդիկ շփոթում են ագրեսիվության հետ, բայց ագրեսիվության և համարձակության նուրբ սահմանը ճիշտ շեշտադրումների և հարդարանքի մեջ է։ Կարմիրի, նարնջագույնի, կապույտի օգտագործումը պետք է զգուշությամբ անել, քանի որ եթե  դրանք չափից շատ լինեն, կհոգնեցնեն ու ժամանակի ընթացքում կվանեն։ Լողասենյակների համար իդեալական է հատկապես կանաչ գույնը։ Այն մաքրության և թարմության զգացողություն է փոխանցում։ 

Ոսկեգույն կամ արծաթագույն 

Ավելի արտիստիկ ոճ ստանալու համար կարող եք օգտագործել ոսկեգույն, արծաթագույն կամ մարգարտագույն պաստառներ։ Սրանց հետ հետաքրքիր համադրություն կլինեն մետաղական աքսեսուարները։ 

Բնական քարը

Բնական քարը ժամանակակից լողասենյակների կարևոր տարրերից է, մանավանդ եթե այն օգտագործվում է պատերի համար։ Դուք կարող եք քարերի հետ համադրել մեծ հայելիներ։ Որպես ի գիտություն ասենք, որ այժմ շուկայում առաջարկիվում են ավելի մատչելի, բնական քարի տեքստուրայով կերամիկայից կտորներ, որոնցով դուք կկարողանաք քարերով լողասենյակի իմիտացիա ստեղծել։