Ինչպես ընտրել լողասենյակի չորանոց

Ինչպես ընտրել լողասենյակի չորանոց

Հավանաբար բազմիցս տեսել եք լոգոսենյակի պատերին ամրացված մետաղկան ձողերը, բայց երբևէ լուրջ նշանակություն չեք տվել դրանց օգտակարությանը: Նման մոտեցումը հասկանալի է. շատերը լողասենյակի չորանոցները համարում են ոչ պետքական աքսեսուար: Առաջարկում ենք մեզ հետ պարզել, թե ինչպես կարելի է օգտակարը և հաճելին համատեղել լողասենյակի կահավորման ժամանակ:

Ի՞նչ է չորանոցը

Առաջին հերթին դուք պետք է իմանաք, թե ինչ է սրբիչների չորանոցը և հետո միայն որոշեք՝ դուք դրա կարիքն ունեք, թե՝ ոչ: Չորանոցները հիմնականում օգտագործվում են լողասենյակում, բայց կարելի է տեղադրել նաև նախասրահում: Այս հարմարանքները ծառայում են առաջին հերթին խոնավ սրբիչներն ու իրերը չորացնելու համար: Չորանոցները լինում են 2 տեսակի՝ էլեկտրական և ջրի շրջանառությամբ աշխատող: Էլեկտրական չորանոցներն աշխատում են ջեռուցման համակարգից անկախ՝ միանում են հոսանքից: Ջրով աշխատող չորանոցները պիտի միացվեն կամ ձեռուցման համակարգերին կամ տաք ջրի մատակարարման հանգույցին: Տաք ջուրը շրջանառվում է չորանոցի խողովակների մեջ ինչպես սովորական ռադիատորների դեպքում:  Հաշվի առեք, որ չորանոցի ջերմությունը նույնպես կտաքացնի լողասենյակը կամ նախասրահը:

Որքանո՞վ է անհրաժեշտ չորանոցը լողասենյակում

Խոստովանեք՝ տաք ցնցուղից կամ լոգանքից հետո միշտ էլ հաճելի է փաթաթվել տաք, ոչ թե  սառն ու խոնավ սրբիչով կամ խալաթով: Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացրինք, չորանոց կարող եք տեղադրել ոչ միայն լողասենյակում, այլ նաև նախասրահում, որտեղ կարող եք չորացնել ու տաք պահել խոնավ վերարկուները, ձեռնոցներն ու գլխարկները: Իրականում, այս հարմարանքներն իսկապես հարմար են ոչ միայն սրբիչներն ու վերարկուները չորացնելու, այլ նաև եղանակային ցանկացած պայմաններում անհրաժեշտ մյուս հագուստները չորացնելու համար:  

Չորանոցները ներքին հարդարման մի մաս

Չորանոցները գրեթե տարածք չեն զբաղեցնում, որովհետև դրանք հիմնականում ամրացվում են պատերին, թեև կան նաև գետնին ամրացվող տարբերակներ: Այս հարմարանքները կարող են ոչ միայն օգտակար լինել ձեզ համար, այլ նաև ամբողջացնեն լողասենյակի ինտերիերը: Այսօր հանրահայտ ապրանքանիշների դիզայներները հաճախորդներին են ներկայացնում չորանոցների հարյուրավոր տեսակներ, որոնք կգոհացնեն ինչպես խիստ դասական, այնպես էլ ամենաէքստրավագանտ ոճերը նախընտրողներին: