Լողասենյակի դիզայնը պակաս կարևոր չէ տան մյուս սենյակների դիզայնից, այնպես որ ճիշտ համադրություն անելով կարող եք նրբաճաշակ վայրի վերածել ձեր լողասենյակը: Մենք արդեն ձեզ պատմել ենք, թե ինչպես կարելի է ընտրել ճիշտ ու հարմար լոգարաններ, չորանոցներ ու ցնցուղներ, ներկայացրել ենք բիդեների առավելությունները, չենք մոռացել նաև լողասենյակի աքսեսուարների մասին: Իսկ այժմ հերթը շատ կարևոր մի իրի մասին է, որի դիմաց բոլորս ենք սիրում կանգնել: Ճիշտ է՝ այս անգամ խոսելու ենք լողասենյակի հայելիների, դրանց տեսակների ու ճիշտ համադրելու մասին:
Հայելիներ գնելիս առաջարկում ենք ուշադրություն դարձնել մի քանի կարևոր կետերի.
1. Հայելիի չափսը
Ձեր հայելիի չափսը կարևոր է 2 պատճառով՝ առաջին հերթին այն պետք է հարմարավետության զգացում ապահովի ձեր և մյուս օգտագործողների համար, երկրորդ՝ ընդգծի ոճն ու գեղեցկացնի տարածքը: Որպեսզի այն բոլորի համար հարմար լինի, այն պետք է հստակ տեղ ունենա: Ավելին՝ այն պետք է հարմար լինի տան բոլոր անդամների համար: Հայելին պետք է համապատասխանի բոլորի աչքի մակարդակին:
Ինչ վերաբերում է հայելու լայնությանը, այն առաջին հերթին կախված է լողասենյակի մեծությունից: Այսպիսի կարծիք կա, որ հայելին պետք է լինի այն նույն չափի, ինչ-որ դրա տակ տեղադրված հարդարասեղանը կամ լվացարանը: Հիշեք, որ լայն հայելիներն ու դրանց տակ դրվող հարդարասեղանը կամ պահարանները վիզուալ մեծ են ցույց տալիս տարածքը ու շատ հարմար են փոքր լողասենյակների համար:
2. Լուսավորությամբ հայելիներ
Լողասենյակի ընդհանուր լուսավորությունը մի կողմ թողնենք. այսօր արդեն կան իրենց իսկ լուսավորությամբ հայելիներ: Սա երևի թե իդեալական է ավելի շատ կանանց համար, ովքեր կկարողանան շպարվելիս ճիշտ ընտրել տոնային քսուկի երանգը կամ շրթներկի գույնը, չնայած տղամարդկանց նույնպես կարող է պետք գալ՝ օրինակ սափրվելիս:
Շատ կարևոր խորհուրդ: Լուսավորությունն ընտրելիս ընտրեք այնպիսին, որը հնարավորինս մոտ կլինի ցերեկային լույսին: Լամպերն ընտրելիս խորհուրդ ենք տալիս ընտրել A++, A+ կամ A տարբերակներից որևէ մեկը, քանի որ դրանք էականորեն արդյունավետ են:
Լուսավորությունն ապահովող լամպերը կարող են տեղադրված լինել տարբեր հատվածներում, օրինակ՝ երկու կողքերից, վերևից, մի անկյունից:
Այժմ կան նաև ինֆրակարմիր սենսորներ, որոնց առաջ ընդամենը պետք է ձեռքը թափահարել ու հայելիի լուսերը կվառվեն: Սա իդեալական տարբերակ է մանավանդ երբ ձեր ձեռքերը թաց են:
3. Ժամացույցով ու չքրտնող համակարգով հայելիներ
Ինչ խոսք, հայելու վրա ժամացույցի լինելը թույլ կտա երկար պատրաստվել սիրողներին չկորցնել ժամանակի զգացողությունը ու չուշանալ ինչ-որ տեղ գնալիս: Բացի այդ, լողասենյակում նույնպես կարող եք հետևել ժամանակին ու թաց ձեռքերով չկպչել հեռախոսին կամ ժամացույցին:
Իսկ ահա չքրտնող համակարգով հայելիներն իսկական փրկություն են լողասենյակի համար: Հաճելի լոգանքից կամ ցնցուղ ընդունելուց հետո այլևս կարիք չի լինի սպասել, թե երբ է մաքրվելու հայելիի վրայի գոլորշին: Ավելին՝ պետք չի լինի ձեռքով հայելու գոլորշին մաքրել ու հետքեր թողնել: Չքրտնող համակարգով հայելիները երբեք չեն մշուշվի ու միշտ բաց կլինեն դրա առաջ հարդարվելու համար:
4. Հայելի պահարան
Լողասենյակում հայելին շատ մեծ նշանակություն ունի ու հենց դրա առջև եք դուք երկար ժամանակ անցկացնում պատրաստվելու համար: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ անհրաժեշտ հարդարման պարագաները միշտ ձեռքի տակ լինեն: Կան հայելիների այնպիսի տարբերակներ, որոնք հիշեցնում են պատից կախված փոքրիկ պահարանների: Հայելիով դռնակը բացելիս ներսում դարակներ են, որտեղ խնամքով պահվում են ձեզ անհրաժեշտ պարագաները: Բացի այդ, հաշվի առեք, որ այսպիսի պահարան-հայելի ունենալը մի փոքր տեղ էլ է ավելացնում լողասենյակում, որտեղ կարող եք ինչ-որ բան պահել: Ավելին՝ եթե տանը կան երեխաներ, ապա այն կարող է անձեռնամխելի վայր լինել, որտեղ կարող են պահվել դեղեր կամ հիգենայի որոշ պարագաներ: