Ճիշտ լուսավորությունն ունակ է վերափոխել ցանկացած տարածք՝ դարձնելով այն հարմարավետ ու յուրօրինակ։ Խոհանոցը բացառություն չէ, առավել ևս, եթե խոհանոցային տարածքը փոքր է, անհրաժեշտ է էլ ավելի ուշադիր ու ճիշտ «խաղալ» լույսերի հետ։ Հիշեք գլխավորը՝ ուտելիքների պատրաստման տարածքը պետք է առավելագույնս լուսավոր լինի, առանց ստվերների։ Երկրորդ՝ լուսավորությունը կարող է փոխել ձեր խոհանոցի տրամադրությունն ու զգացողությունները։ Եթե նույնիսկ ձեր խոհանոցը փոքր է, առանց կասկածի, այն կարող է հաճելի վայր լինել, որտեղ ձեր ընկերները մեկ գավաթ գինով կարող են ժամերով զրուցել, որտեղ դուք կցանկանաք երկար ժամանակ անցկացնել խոհարարական գլուխգործոցներ պատրաստելիս։
Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի տարբերակի և հասկանալ, թե սրանցից որ մեկը կարող է համապատասխանել ձեր նախընտրությանն ու խոհանոցին։
1. Առաստաղից կախված լուսավորություն
Շատերը, երբ լսում են ջահերի մասին, միանգամից մտածում են, որ դրանք պետք է լինեն ծանր, մեծ ու երբեմն էլ փայլերով։ Այդպես չէ, ջահերի տասնյակ հազարավոր տեսակներ կան։ Եթե ձեր խոհանոցն այնքան տարածք ունի, որ կենտրոնում կարող եք ունենալ առանձին բարի սեղան, ապա ջահը կարող եք կախել անմիջապես դրա վերևում։ Օգտագործեք այնպիսի անջատիչ, որը հնարավորություն է տալիս լույսը թուլացնել կամ էլ ուժեղացնել։ Այդպես հարկ եղած դեպքում կարող եք լուսավորությունն ուժեղացնել, իսկ երեկոյան հաճելի թույլ լուսավորություն ապահովել։
2. Ետին պլանի լուսավորություն
Եթե խոհանոցում բաց պահարաններ ունեք, ապա կարող եք այնտեղ թաքնված LED լուսավորություն դնել, դրանք շատ գրավիչ տեսք կհաղորդեն դարակներին։ Եթե այդքան շատ լուսավորության աղբյուրներ են լինելու, կարող եք ձայնային վերահսկման համակարգ ունենալ, որպեսզի կարողանաք դրանք հանգիստ կառավարել։
3. Շահավետ LED լուսավորություն
Ժամանակակից խոհանոցները նախագծվում են այնպես, որ դրանք առավելագույնս հարմար լինեն և խնայեն ժամանակը։ LED լուսավորությունը քիչ է ջերմացնում ու մաքրելու համար քիչ ժամանակ պահանջում։ Այժմ շուկայում տարատեսակ գույնի և ձևի լույսեր կան, որոնք կարող են համապատասխանել կահույքի ու ներքին հարդարանքի հետ։
4. Հատուկ լուսավորություն
Սրան պետք է ուշադրություն դարձնել հենց սկզբից։ Անհրաժեշտ է հավելյալ լուսավորել լվացարանի, ուտելիքի պատրաստման տարածքները, որպեսզի տեսողությունը հավելյալ չլարվի, իսկ աշխատանքն արվի գերազանց։
Ի դեպ, հատուկ լուսավորությունը նաև նորաոճ է, այն հետաքրքիր հավելում է ներքին հարդարանքում ու կարող է խոհանոցում հաճելի տրամադրություն ստեղծել։
5. Սեղանի լամպեր
Սեղանի լամպն անչափ գեղեցիկ է։ Այն կարող եք տեղադրել ոչ միայն սեղանի վրա, այլ օրինակ պատուհանագոգին, խոհանոցային կահույքի սեղանին և այլն։
Եվ վերջապես, մտածեք, թե ինչը կարող է անդրադարձնել լույսը, որպեսզի տարածքն ավելի մեծ երևա։ Սպիտակ պատերը, խոհանոցային կահույքի սպիտակ մակերեսը կօգնեն տարածքն ավելի լուսավոր ու ընդարձակ դարձնել։ Մի մոռացեք նաև ապակյա ու հայելային մակերեսների մասին, դրանք էլ են իդեալական անդրադարձնում լույսը։