Լողասենյակի ջեռուցման համակարգեր. ուղեցույց գնորդի համար

Լողասենյակի ջեռուցման համակարգեր. ուղեցույց գնորդի համար

Թեև լողասենյակի հարդարման ժամանակ ավելի հաճախ մենք ուշադրություն ենք դարձնում ոճին ու գեղեցկությանը, սակայն օրվա վերջում ամենաշատը մենք զգում ենք հարմարավետության կարիք։ Լողասենյակում ամենակարևոր խնդիրը հարմարավետությունն է, իսկ հարմարավետության համար առաջին կարևոր գործոններից մեկը՝ ջեռուցումը։ Երբ տաք լոգանքից կամ ցնցուղից հետո դուրս եք գալիս ու կանգնում սառը հատակին կամ սկսում մրսել, ապա մի վայրկյանում կորչում են լոգանքի կամ ցնցուղի պարգևած հաճելի պահերը։ Բարեբախտաբար, կան մի շարք լավ լուծումներ, որոնք կարող եք օգտագործել ձեր լողասենյակը հաճելի վայր դարձնելու համար։  Կարող եք հետևել մեր տարբերակներին ու ընտրել այն մեկը, որն ամենաշատը հավանեցիք ու որ ամենակարևորն է՝ ամենաշատը կհամապատասխանի ձեր լողասենյակին։ 

 

Ջեռուցման մարտկոցներ 

Շուկայում այժմ ջեռուցման մարտկոցների բավական մեծ տեսականի կա, որոնք կգոհացնեն անգամ ամենաքմահաճ հաճախորդին։ Հնարավոր է գտնել տարբեր ոճի, տարբեր դիզայնի մարտկոցներ ու համադրել ձեր լողասենյակի ընդհանուր հարդարանքի հետ։ Բայց գլխավոր առավելությունն այն է, որ դրանք ոչ միայն հավելյալ գեղեցկացնում են սենյակը, այլ նաև այն տաք պահում։ Ինչպես արդեն նշեցինք, մարտկոցների տարբեր տեսակներ կան, բայց հիմնական բաժանումը հորիզոնական կամ ուղղահայաց տեղադրվողների մեջ է։ Եթե լողասենյակը փոքր է, կարող եք ընտրել ուղղահայաց տարբերակներից, իսկ եթե մեծ է, ապա տարածքը հնարավորություն կտա ընտրություն անել նաև հորիզոնական տարբերակներից։  Մի կարևոր հանգամանք ևս՝ այժմ հնարավոր է ունենալ այնպիսի ջեռուցման համակարգ և մարտկոց, որի միջոցով դուք նախապես կկարգավորեք ջերմաստիճանը։

 

Լողասենյակի չորանոցներ 

Լողասենյակի չորանոցների մասին մենք որոշ ժամանակ առաջ ձեզ պատմել էինք ու նշել, թե ինչպես կարելի է ճիշտ չորանոց ընտրել։ Այս հոդվածում ցանկանում ենք հավելել, որ լողասենյակում կարելի է հաճելի ջերմաստիճան ունենալ նաև չորանոցների միջոցով։ Ինչպես ռադիատորների դեպքում, այնպես էլ չորանոցների բազում տեսակներ կան. դասականից մինչև ամենաէքստրավագանտ տարբերակներ։ Կարող եք գտնել ցանկացած չափի, դիզայնի չորանոցներ ու համադրել դրանք ներքին հարդարանքի հետ։ Չորանոցների միջոցով միանգամից մի քանի հարց է լուծվում։ Նախ՝ այն առաջին հերթին չորացնում է խոնավ սրբիչները, հետո՝ այն միշտ տաք է պահում լողասենյակը և ի վերջո հաճելիորեն դառնում է ներքին հարդարանքի կարևոր մասերից մեկը։



Ի դեպ, Modern խանութ-սրահը հանդիսանում է իտալական հանրահայտ Cordivari Design ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ովքեր առաջարկում են չորանոցների ամենանորաձև և բարձրորակ տեսականին։ 

 

Հատակի տակ տեղադրվող ջեռուցման համակարգեր

Ջեռուցվող հատակները վերջին շրջանում բավական տարածված են դարձել։ Դրանք կարելի է օգտագործել ոչ միայն խոհանոցում կամ այլ սենյակներում, այլ նաև լողասենյակում։ Այդպիսով՝ դուք կարող եք հանգիստ դուրս գալ լողախցիկից ու բոբիկ ոտքերով քայլել ջերմ սալիկների վրա։ Սա նաև բավական լավ տարբերակ է, եթե ընտանիքում երեխաներ կան։ Մասնագետները նշում են նաև, որ հատակին ջեռուցման համակարգ ունենալն ավելի մատչելի է էներգիայի առումով, թեև կարող է մի քիչ ծախսատար լինել համակարգի տեղադրման ժամանակ։ Այս տարբերակի դեպքում էլ կարելի է ընտրել տարբեր չափերի համակարգեր։