Գունային լուծումները լողասենյակի ներքին հարդարանքում 

Գունային լուծումները լողասենյակի ներքին հարդարանքում 

Գունային լուծումները շատ կարևոր են լողասենյակի ներքին հարդարանքի գործում։ Գույներն ուղղակիորեն տրամադրություն են հաղորդում։ Իսկ լողասենյակում դրանք պետք է հնարավորինս լավ ընտրված լինեն, չէ՞ որ հենց այս սենյակից է սկսվում և ավարտվում մեր օրը։

Սպիտակ 

Սպիտակը համարվում է ամենամաքուր գույնը։ Այս գույնը լողասենյակը դարձնում է թեթև, տեսողական առումով սենյակը մեծացնում է, քանի որ իր մեջ լույս ու սառնություն ունի։ Սպիտակ գույնը մաքուր վիճակում գրեթե չի օգտագործվում ներքին հարդարանքներում։ Այն չեզոք գույն է և իդեալական օգնում է համադրել իր հետ մեկ այլ երանգ։ Սպիտակն օգտագործվում է նաև որպես միջանկյալ գույն մեկ երանգից մյուսին անցնելու համար։ 

Կարմիր



Կարմիրը ներքին հարդարանքում գլխավոր գույներից մեկն է։ Եթե նախընտրում եք առավոտյան արագ արթնանալ և էներգիայով լցվել, ապա կարմիր գույնն ու դրա երանգները հենց ձեզ համար են։ Բայց եթե դուք լողասենյակը դիտում եք որպես հանգստության վայր, ապա հրաժարվեք կարմիրից և դրա երանգներից։ Այս գույնը շատ տաք ու երբեմն էլ ագրեսիվ է համարվում, այնպես որ փորձեք այն ճիշտ համադրել։ Դիզայներները խորհուրդ չեն տալիս կարմիրը մեծ տարածություններ ներկելու համար օգտագործել։ Այդպես տարածքն էականորեն փոքր կերևա։ Բացի այդ, մանավանդ փոքր լողասենյակների դեպքում կարմիրը ճնշող հատկություն ունի։ Այդպիսի տարածքներում մարդիկ հաճախ մի քանի րոպեից հետո ճնշվածության զգացողություն են ունենում։ Եթե ամեն դեպքում որոշել եք կարմիր գույնն օգտագործել, ապա դրա բաց երանգները փորձեք մեծ լողասենյակների համար։ Եվս մեկ կարևոր խորհուրդ, կոտրեք կարմիրը մեկ այլ գույնով, գույների կոնտրաստ ստեղծեք, օրինակ՝ սպիտակով։


Նարնջագույն 



Շատ տարածված, «կենսախինդ» գույն է, որը լայնորեն տարածված է լողասենյակների ներքին հարդարանքում։ Նարնջագույնը կարմիրի նման տարածքը վիզուալ կարող է փոքրացնել, այդ իսկ պատճառով փոքր տարածքների համար խորհուրդ չի տրվում։ Գեղեցիկ է կանաչի, կապույտի, սպիտակի և մոխրագույնի հետ համադրություններում։ Նարնջագույնն ավելի բնական կապույտի կամ էլ կանաչի հետ համադրությունում լողասենյակում կստեղծի հանգստություն։ 

Դեղին 

Դեղինը արևային տրամադրություն է հաղորդում տարածքին։ Այս գույնն իդեալական է մանկական լողասենյակների և դրական տրամադրված մարդկանց համար։ Հաճելի համադրվում է կանաչի, կապույտի, կարմիրի, սպիտակի և փայտի տաք երանգների հետ։  Դեղինի ավելի բաց երանգները համադրվում են շագանակագույնի հետ։ Այս գույները հյուրընկալության ջերմություն են հաղորդում։ 

Կանաչ



Կանաչն օգտագործվում է բավական հաճախ։ Այս գույնը մարդկանց մոտ առաջացնում է բնությանը մոտ լինելու զգացում։ Բայց այստեղ էլ կարևոր է հասկանալ, թե ինչ երանգ ընտրել։ Մուգ և ճահիճ հիշեցնող գույները մռայլ են, ընտրեք ավելի բաց, թեթև ու հանգստացնող երանգները։ Մի մոռացեք այնպայման համադրել մեկ այլ գույնի հետ, օրինակ՝ կաթնագույն, դեղին կամ նարնջագույն։ Կանաչն իդեալական է այն մարդկանց համար, ովքեր ուզում են առավելագույնս հանգստանալ և վերականգնվել հոգնեցուցիչ օրվանից հետո։ 

Կապույտ 



Կապույտը հաճելի է հանգստի համար, եթե խոսում ենք դրա ավելի բաց երանգների մասին։ Մուգ կապույտը նույնպես կարող է ազդել հոգեկան աշխարհի վրա։ Այդ իսկ պատճառով օգտագործեք մաքուր, բնական կապույտ երանգներ։ Համադրեք սպիտակի և արծաթագույնի հետ։ Կապույտ միատոն լողասենյակը սառը կթվա, այդ իսկ պատճառով օգտագործեք դրա հետ հավելյալ գույներ, օրինակ՝ նարնջագույն, ոսկեգույն, կաթնագույն, ինչպես նաև բնական փայի գույները։  

Ճիշտ երանգի կապույտ գույնը փոքրիկ լողասենյակներին կհաղորդեն ընդարձակություն։

Սև 



Չափազանց հազվադեպ է սևն օգտագործվում որպես հիմք, բայց ոսկեգույնի կամ արծաթագույնի հետ համադրությամբ այն կշեշտի լողասենյակի յուրահատկությունը։ Դիզայներները պնդում են, որ հատկապես հետաքրքիր է դիտվում սևի, կարմիրի, մոխրագույնի կամ էլ ավազի ոսկեգույնի համադրությունը։ Եթե լողասենյակը փոքր է, ապա միայն սև գույն խորհուրդ չի տրվում։ Այն վատ է ազդում մարդու հոգեբանության և զգայական համակարգի վրա։