Ինչպես լոգարանի կամ լվացարանի ջրահեռացման համակարգում կանխել կեղտի կուտակումը

Ինչպես լոգարանի կամ լվացարանի ջրահեռացման համակարգում կանխել կեղտի կուտակումը

Եթե երբևէ ձեր լոգարանի կամ լվացարանի ջրահեռացման անցքի հատվածում սև, կեղտոտ զանգված է առաջացել, ապա վստահաբար գիտեք, թե ինչ տհաճ զգացողություն ու հոտ կարող է առաջանալ դրանից։ Ամենօրյա օգտագործման ընթացքում կարող է ձեր լողասենյակի տարբեր հատվածներում կեղտ հավաքվել։ Օրինակ՝ մեռած մաշկի բջիջների, մազերի, օճառի, սափրվելու փրփուրի, ատամի մածուկի և այլ պարագաների մնացորդների թեկուզ ամենաչնչին քանակի կուտակումն էլ օրվա ընթացքում կարող է արդեն կեղտոտել ու տհաճ հոտի պատճառ դառնալ, իսկ որ ամենակարևորն է բակտերիաների զարգացման համար իդեալական պայմաններ ստեղծել։ Թե ինչպես կարող եք կանխել ձեր լվացարանների կամ լոգարանի կեղտոտումը՝ ամենօրյա օգտագործմանը զուգահեռ, հետևեք մեր առանձնացրած խորհուրդներին։ Այս ոչ բարդ միջոցները կարող են հեշտացնել ձեր գործն ու ավելի անվտանգ ու հաճելի միջավայր ստեղծել։

 

Ընտրեք ճիշտ ջրահեռացման համակարգ

Առաջին կարևոր նախապայմանը տարատեսակ խնդիրների չբախվելու համար, ճիշտ ջրահեռացման համակարգ ընտրելն է։ Հաջորդ հոդվածով մենք կօգնենք ձեզ պատկերացնել, թե հատկապես որ համակարգերն են ամենաարդյունավետն ու իհարկե թրենդայինը։ Իսկ այս պահի համար նշենք, որ համակարգի որակից իրականում շատ բան է կախված։ Այնպես որ լողասենյակը պատրաստելիս դրա վրա երբեք մի տնտեսեք։ 

 

Օգտագործեք համակարգերի բերանին դրվող հարմարանքներ

Սրանք կարևոր են, որպեսզի օրինակ՝ մազերը չգնան կոյուղի կամ օճառի կտորները։ Այժմ սանիտարատեխնիկայի շուկան ամենատարբեր ձևերի հարմարանքներ է առաջարկում։ 

 

Թողեք տաք ջուր հոսի

Եթե այդպիսի հնարավորություն ունեք ու կարող եք սովորություն դարձնել, ապա լոգարանի մեջ կամ լվացարանում թողեք ինչ-որ ժամանակ մեծ քանակությամբ ու ճնշումով տաք ջուր հոսի։ Կարող եք օրինակ փակել ջրահեռացման անցքը, տաք ջուր հավաքել ու բացել այն։ Այդպես մեծ քանակությամբ տաք ջուր կհոսի, որի շնորհիվ խողովակներին կպած յուղային զանգվածը կհոսի կգնա ու խցանումներ չի առաջացնի։ 

 

Օգտագործեք սննդի սոդա

Ամիսը մեկ կամ ինչ-որ ժամանակը մեկ օգտագործեք սննդի սոդա, վրայից տաք ջուր։ Այն շատ լավ մաքրում է ու ախտահանում։ 

 

Օգտագործեք քացախ

Թե՛ սոդան, թե՛ քացախը բնական, բայց շատ արդյունավետ միջոցներ են։ Դուք անշուշտ կարող եք գնել նաև խանութներում վաճառվող հատուկ գելերն ու հեղուկները, որոնք նույնպես կարող եք օգտագործել։ Սակայն այս միջոցները բնական են, ալերգիա չեն առաջացնի։ Քացախի հիմնային բնույթի շնորհիվ կեղտոտ մասնիկները կմաքրվեն։ Քացախից հետո նույնպես խորհուրդ է տրվում տաք ջուր բաց թողնել։ 

 

Մեկ այլ տարբերակ կարող է լինել աղի, սոդայի և քացախի համադրությունը։ Երբ աղի ու սոդայի վրա լցնեք քացախ այն պետք է փրփրի, թողեք կես ժամ ու տաք ջուր լցրեք վրան։ Այսպիսի հեշտ քայլերով դուք պաշտպանում եք ձեր խողովակները, մաքուր պահում ձեր լողասենյակի տարածքն ու օդը։