Լողասենյակի լվացարանը, զուգարանակոնքի ու լոգարանի հետ միասին, ամենակարևոր բաղադրիչներից մեկն է լողասենյակում: Թե ինչքան կարևոր է այն, հարցի մի կողմն է, իսկ թե ինչքան բարդ է երբեմն գտնել հենց ձեր լողասենյակին հարմար լվացարան, հարցի մյուս կողմն է: Բազմաթիվ տարբերակներ կան՝ տարբեր չափսերի, ձևի, պատրաստված նյութի: Այս անգամ պատմելու ենք, թե ինչ տեսակների են լինում լվացարանները և որ տարբերակն ավելի հարմար կլինի լողասենյակի ներքին հարդարանքն ամբողջացնելու համար:
1. Ներդրվող լվացարան
Սա երևի թե ամենատարածված տարբերակներից մեկն է: Ինչպես անունը հուշում է լվացարանը ներդրվում է հիմնական տակդիրի մեջ: Լվացարանի բերանային հատվածը դուրս է մնում տակդիրից: Այս տարբերակը հիանալի է, հատկապես եթե լվացարանի տակդիրը փայտից կամ լամինատից է, քանի որ ջուր չի թափվի շրջակա տարածքի վրա: Մասնագետները նշում են, որ այս տեսակի լվացարանները համեմատաբար ավելի էժան են, ինչպես նաև հեշտ է տեղադրել:
2. Ներկառուցված լվացարան
Սա էականորեն տարբերվում է վերևում նշված տարբերակից: Առաջին հերթին սա չի ներդրվում լվացարանը պահող տակդիրի մեջ, այլ անմիջապես ներկառուցվում է: Այսինքն՝ եթե նախորդ տաբերակի բերանը տակդիրից դուրս եկած է, ապա այս մոդելը նման դիզայն չունի: Այն փոքրիկ լողավազանի տեսք ունի, որի շուրջ բոլորը քարից է: Անպայման հաշվի առեք, որ նման լվացարան տեղադրելիս չեք կարող օգտագործել լամինատից տակդիր, այն խոնավության համար նախատեսված չէ:
3. Պատին ամրացվող լվացարաններ
Ամրացվում են ուղղակիորեն պատին: Այս մոդելի լվացարանները տակդիրների կարիք չունեն, դրանք կախվում են պատից ու մինիմալիստական տեսք են տալիս ձեր լողասենյակին: Քանի որ այս լվացարանների տակը դատարկ է, այն հնարավորություն է տալիս ազատ տարածք ունենալ ու վիզուալ մեծացնել լողասենյակի չափսը: Այս մոդելի մյուս առավելությունն այն է, որ խնդիր չի ստեղծում հատակը մանրակրկիտ մաքրելու համար: Այս լվացարանները հարմար են փոքր լողասենյակների համար կամ ուղղակի հարդարման սենյակների, որտեղ մեծ տարածություն չլինելը խնդիր չէ:
4. Ձագարաձև լվացարաններ
Սրանք ամենատարածված տարբերակն են: Շատերի լողասենյակներում կտեսնեք նման լվացարաններ: Այսպիսի տարբերակ նախընտրում են այն մարդիկ, ովքեր ուզում են պատին կպած լվացարան, բայց չեն ուզում, որ երևան ամրացված խողովակները և այլն: Այս տեսակի լվացարանները դասական տեսք են հաղորդում լողասենյակին ու հաճելի են աչքի համար:
5. «Նավակ» լվացարաններ
Մեծ աման հիշեցնող լվացարանները հայտնի են նաև «նավակ» անունով, քանի որ դրանք ուղղակիորեն դրվում են տակդիրի վրա: Սրանք ընդհանրապես չեն իջեցվում տակդիրի մեջ: Այսպիսի լվացարան ընտրողները փորձում են շեշտը դնել տարբերվելու վրա: Այս մոդելի լվացարանները հիմնականում մեծ են լինում, խորն են ու մեծ քանակությամբ ջուր են տեղավորում: Մյուս կողմից մի քանի կարևոր հանգամանք պիտի հաշվի առնեք՝ նման լվացարան տեղադրելիս: Առաջին հերթին՝ ճիշտ ու հարմարավետ բարձրությունը: Այն պիտի հարմար լինի բոլոր օգտվողների համար: Երկրորդ՝ եթե հարմար տեղադրված չլինի, կարող եք անզգուշությամբ վնասել այն, երբ օրինակ երեխաները փորձեն կախվել դրանից ծորակին հասնելու համար: Մասնագետները նշում են, որ հատուկ խնամք է անհրաժեշտ այս մոդելի համար, քանի որ անհրաժեշտ է լվանալ ոչ միայն ներսի հատվածը, այլ նաև կողքերը:
Ամենակարևորը՝ հիշել մի քանի պարզ խորհուրդ․ լողասենյակը կահավորելիս ընտրեք այն ոճը, որը ձեզ ամենաշատն է դուր գալիս ու հանգստացնում: Բացառություն չէ նաև լվացարանի ընտրությունը: Հենց դրա դիմաց են սկսելու ձեր առավոտներն ու ավարտվելու երեկոները: Ստեղծեք հաճելի միջավայր կատարյալ հանգստանալու համար: