Ինչպես ընտրել հայելի լողասենյակի համար

Ինչպես ընտրել հայելի լողասենյակի համար

Լողասենյակի դիզայնը պակաս կարևոր չէ տան մյուս սենյակների դիզայնից, այնպես որ ճիշտ համադրություն անելով կարող եք նրբաճաշակ վայրի վերածել ձեր լողասենյակը: Մենք արդեն ձեզ պատմել ենք, թե ինչպես կարելի է ընտրել ճիշտ ու հարմար լոգարաններ, չորանոցներ ու ցնցուղներ, ներկայացրել ենք բիդեների առավելությունները, չենք մոռացել նաև լողասենյակի աքսեսուարների մասին: Իսկ այժմ հերթը շատ կարևոր մի իրի մասին է, որի դիմաց բոլորս ենք սիրում կանգնել: Ճիշտ է՝ այս անգամ խոսելու ենք լողասենյակի հայելիների, դրանց տեսակների ու ճիշտ համադրելու մասին:

Հայելիներ գնելիս առաջարկում ենք ուշադրություն դարձնել մի քանի կարևոր կետերի.

1. Հայելիի չափսը

Ձեր հայելիի չափսը կարևոր է 2 պատճառով՝ առաջին հերթին այն պետք է հարմարավետության զգացում ապահովի ձեր և մյուս օգտագործողների համար, երկրորդ՝ ընդգծի ոճն ու գեղեցկացնի տարածքը: Որպեսզի այն բոլորի համար հարմար լինի, այն պետք է հստակ տեղ ունենա: Ավելին՝ այն պետք է հարմար լինի տան բոլոր անդամների համար: Հայելին պետք է համապատասխանի բոլորի աչքի մակարդակին:

Ինչ վերաբերում է հայելու լայնությանը, այն առաջին հերթին կախված է լողասենյակի մեծությունից: Այսպիսի կարծիք կա, որ հայելին պետք է լինի այն նույն չափի, ինչ-որ դրա տակ տեղադրված հարդարասեղանը կամ լվացարանը: Հիշեք, որ լայն հայելիներն ու դրանց տակ դրվող հարդարասեղանը կամ պահարանները վիզուալ մեծ են ցույց տալիս տարածքը ու շատ հարմար են փոքր լողասենյակների համար:

2. Լուսավորությամբ հայելիներ

Լողասենյակի ընդհանուր լուսավորությունը մի կողմ թողնենք. այսօր արդեն կան իրենց իսկ լուսավորությամբ հայելիներ: Սա երևի թե իդեալական է ավելի շատ կանանց համար, ովքեր կկարողանան շպարվելիս ճիշտ ընտրել տոնային քսուկի երանգը կամ շրթներկի գույնը, չնայած տղամարդկանց նույնպես կարող է պետք գալ՝ օրինակ սափրվելիս:

Շատ կարևոր խորհուրդ: Լուսավորությունն ընտրելիս ընտրեք այնպիսին, որը հնարավորինս մոտ կլինի ցերեկային լույսին: Լամպերն ընտրելիս խորհուրդ ենք տալիս ընտրել A++, A+ կամ A տարբերակներից որևէ մեկը, քանի որ դրանք էականորեն արդյունավետ են:

Լուսավորությունն ապահովող լամպերը կարող են տեղադրված լինել տարբեր հատվածներում, օրինակ՝ երկու կողքերից, վերևից, մի անկյունից:

Այժմ կան նաև ինֆրակարմիր սենսորներ, որոնց առաջ ընդամենը պետք է ձեռքը թափահարել ու հայելիի լուսերը կվառվեն: Սա իդեալական տարբերակ է մանավանդ երբ ձեր ձեռքերը թաց են:

3. Ժամացույցով ու չքրտնող համակարգով հայելիներ

Ինչ խոսք, հայելու վրա ժամացույցի լինելը թույլ կտա երկար պատրաստվել սիրողներին չկորցնել ժամանակի զգացողությունը ու չուշանալ ինչ-որ տեղ գնալիս: Բացի այդ, լողասենյակում նույնպես կարող եք հետևել ժամանակին ու թաց ձեռքերով չկպչել հեռախոսին կամ ժամացույցին:

Իսկ ահա չքրտնող համակարգով հայելիներն իսկական փրկություն են լողասենյակի համար: Հաճելի լոգանքից կամ ցնցուղ ընդունելուց հետո այլևս կարիք չի լինի սպասել, թե երբ է մաքրվելու հայելիի վրայի գոլորշին: Ավելին՝ պետք չի լինի ձեռքով հայելու գոլորշին մաքրել ու հետքեր թողնել: Չքրտնող համակարգով հայելիները երբեք չեն մշուշվի ու միշտ բաց կլինեն դրա առաջ հարդարվելու համար:

4. Հայելի պահարան

Լողասենյակում հայելին շատ մեծ նշանակություն ունի ու հենց դրա առջև եք դուք երկար ժամանակ անցկացնում պատրաստվելու համար: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ անհրաժեշտ հարդարման պարագաները միշտ ձեռքի տակ լինեն: Կան հայելիների այնպիսի տարբերակներ, որոնք հիշեցնում են պատից կախված փոքրիկ պահարանների: Հայելիով դռնակը բացելիս ներսում դարակներ են, որտեղ խնամքով պահվում են ձեզ անհրաժեշտ պարագաները:  Բացի այդ, հաշվի առեք, որ այսպիսի պահարան-հայելի ունենալը մի փոքր տեղ էլ է ավելացնում լողասենյակում, որտեղ կարող եք ինչ-որ բան պահել: Ավելին՝ եթե տանը կան երեխաներ, ապա այն կարող է անձեռնամխելի վայր լինել, որտեղ կարող են պահվել դեղեր կամ հիգենայի որոշ պարագաներ: