Ամենահետաքրքիր լուծումներով կահավորած լողասենյակն էլ ինչ-որ ժամանակ անց թարմացման կամ վերափոխման կարիք է զգում։ Հաճախ ինչ-որ ատրիբուտ է պետք լինում սիրելի վայրը նորովի ներկայացնելու համար։ Այս անգամ մենք առանձնացրել ենք 8 հետաքրքիր քայլ, որոնց օգտագործմամբ էլ կարող եք լողասենյակում թարմություն մտցնել։ Հետևեք ու ինքներդ որոշեք, թե հատկապես որ կետն է համապատասխանում ձեզ։
Քայլ 1։ Կատարյալ մաքրություն կազմակերպեք ու կարգավորեք իրերի տեղերը
Երբեմն լողասենյակները լավ մաքրելու և մանրակրկիտ հավաքելու կարիք են ունենում, որից հետո դրանց տեսքը կարծես նորոգումից անմիջապես հետո լինի։ Հավաքեք այն ամենը, ինչ օրվա կամ շաբաթվա կտրվածքով ձեզ ընդհանրապես պետք չի գալիս։ Այդպես դուք ազատ տարածք եք ստեղծում, բացի այդ անընդհատ խառը երևացող տուփերը վերջապես կազմակերպված տեսք կստանան։ Հիգիենայի պարագաների դեպքում հետևեք, որ միանման հեղունկերի սրվակները միաժամանակ բացված չլինեն։ Հաճախ դեռ մեկն ամբողջապես չօգտագործած՝ բացվում են նորերը, ու բոլորըկիսատ լցված՝ շարվում իրար կողքի։ Վերջացրեք մեկը, այնուհետև բացեք մյուսը։ Թափեք հին, ժամկետնանց հեղուկները, քսուքները։ Հաճախ ժամանակն անցնում է, ու չեք նկատում, որ արդեն մեկ տարուց ավել ժամկետից դուրս եկած ինչ-որ քսուք դեռ շարունակում է դրված մնալ լվացարանի դարակներում։
Հավաքման աշխատանքներից հետո մաքրող միջոցներով լավ մաքրեք բոլոր անկյունները, ախտահանեք հատակը, բռնակները։ Սրբեք բոլոր իրերի տակերը։Մի խոսքով՝ ոչնչի կողքով հենց այնպես մի անցեք։ Աշխատանքներից հետո հնարավորության դեպքում մի քանի րոպեով բացեք պատուհանը կամ միացրեք օդափոխության համակարգը․ այդ ժամանակ կզգաք թարմության շունչը։
Քայլ 2։ Փոխեք վարագույները, հատակի գորգը, սրբիչները
Լողասենյակում նման փոփոխությունները միանգամից աչքի համար հաճելի կլինեն։ Նախ՝ եթե լողախցիկի համար դուք օգտագործում եք վարագույրներ, ապա դրանք գոնե 6 ամիսը մեկ փոխեք, այդպես դրանք ավելի թարմ կլինեն, բացի այդ, խոնավությունից բակտերիաներ չեն հավաքվի։ Նույնը վերաբերում է նաև հատակի գորգին, որն օգտագործում եք թաց ոտքերով լոգանքից հետո վրան կանգնելու համար։
Իհարկե, այն հաճախ լվանալով ու լավ չարացնելով օգտագործման տևողությունը երկարացնում եք, բայց մի մոռացեք, որ դրանք նույնպես ժամանակ առ ժամանակ պետք է փոխվեն։ Փոփոխություն կարելի է մտցնել նաև սրբիչների հարցում, դրանց ոճի փոփոխությունը նույնպես հաճելի կլինի լողասենյակից օգտվողների համար։
Քայլ 3։ Աքսեսուարներ
Ինչպես արդեն վերևում նշեցինք՝ աքսեսուարները կարող են հավաք կամ, ընդհակառակը, թափթփված տեսք հաղորդել լողասենյակին։ Հիշեք, որ սենյակի թարմացման համար դրանց տեսքը նույնպես պետք է համապատասխանի ընդհանուր փոփոխությանը։
Աքսեսուարներից կարելի է փոփոխել խոզանակների համար նախատեսված բաժակը, օճառամանը և մնացած պարագաների տուփերը։ Փոքր թվացող փոփոխությունները նոր շունչ կհաղորդեն Ձեր լողասենյակին։
Քայլ 4։ Փոխեք պահարանը
Եթե լողասենյակում կահույք ունեք, մասնավորապես՝ լվացարանի տակ դրվող պահարան, որն արդեն հին է, ապա մտածեք դա փոխելու մասին։ Այն միանգամից թարմության ու նորություն կլինի սենյակում։ Եթե ամբողջ պահարանը չեք կարող փոխել, կարող եք փոխել օրինակ՝ բռնակները։ Դրանք էլ կարող են որոշակի փոփոխություն մտցնել։
Քայլ 5։ Լողասենյակի լուսավորության փոփոխություն
Երբ տարիներ շարունակ լողասենյակը լուսավորվում է միշտ նույ ձև, այն կարող է հոգնեցնել։ Փոխեք լույսերի տեղերը, ավելացրեք նորերը, կոնտրաստ ստեղծեք։ Ռոմանտիկ մթնոլորտ ստեղծելու համար կարող եք նաև լուսամփոփներ դնել ամբողջ սենյակի լույսերը չմիացնելու համար։
Քայլ 6։ Լողասենյակում կախեք նկարներ
Մի խուսափեք լողասենյակի պատերին նկարներ կախելուց։Կախեք այնպիսի գործեր, որոնք ձեզ համար հաճելի են, մտածելու տեղ են թողնում և այլն։ Դուք առավոտն այդտեղ եք սկսում ու այդտեղ էլ ավարտում օրը․ վստահ եղեք, որ ձեր կախած նկարները ճիշտ ուղերձներ են ձեզ փոխանցում։
Քայլ 7։ Լողասենյակում տնային ծաղիկներ կամ բույսեր դրեք
Ծաղկամաններով դեկորատիվ բույսեր կամ ծաղիկներ տեղադրեք․ այդպես կանաչ և հաճելի միջավայր կունենաք։ Խոստովանեք, որ կանաչը միշտ հանգստացնում է։ Իսկ այս պարագայում լողասենյակում բույսեր ունենալով հանգստի չափաբաժինը կմեծացնեք ու միշտ մաքուր օդ կունենաք։
Քայլ 8։ Ավելացրեք լոգարանին ամրացող ցանց
Հոգնած օրվա ավարտին հաճելի լոգանքը կարող եք համատեղել սիրելի գրքի ընթերցանության հետ։ Դրա համար կա հատուկ ցանց-տակդիր, որի վրա կտեղադրեք գիրքը։ Եթե գիրք չեք ուզում, ապա կարող եք մեկ բաժակ գինի ունենալ կամ ուղղակի սպա միջոցներ, որ այդ պահին ձեռքի տակ լինեն։
Հիշեք, անկախ նրանցից թե դուք որտեղ եք, ստեղծեք այնպիսի միջավայր, որտեղ դուք առավելագույնս հանգստանում ու հարմարավետ եք զգում։ Շատ բաներ մանրուք են թվում, սակայն տրամադրության վրա դրանք հսկայական ազդեցություն են ունենում։