Որքան էլ լողասենյակի ներքին հարդարանքից գոհ լինեք, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց ուզում եք ինչ-որ նոր բան ավելացնել, փոփոխել, որպեսզի թարմություն առաջանա այդ սենյակում։ Հետաքրքիրն այն է, որ դրա համար մեծ ծախսեր պետք չեն, անգամ ատամի խոզանակների համար նախատեսված բաժակի փոփոխությունը կարող է հաճելի թարմացնել սենյակը։ Տարվա տարբեր ժամանակների կամ ինչ-որ հետաքրքիր տոների համար այժմ շուկայում կարող եք տարաբնույթ հավաքածուներ գտնել, սկսած լոգարանի համար թեմատիկ վարագույրներից, գորգերից մինչև օճառամաններ կամ սրբիչներ։ Կարևորը ցանկությունն է, իսկ ձեր երևակայությունը բորբոքելու գործը թողեք մեզ։
Փոխեք սրբիչները
Նոր սրբիչները ոչ միայն օգնում են չորանալ և հարմարավետ զգալ, այլ նաև կարող են հետաքրքիր լրացում լինել ձեր սենյակի համար։ Ընտրեք սրբիչներ տվյալ եղանակի գույներին համապատասխան, ամենահարմարը պաստելային գույներն են, որոնք կարելի է ժամանակ առ ժամանակ փոխել գարնանը, հետո նաև ամռան ընթացքում։ Մի վախեցեք օգտագործել համարձակ ու տաք գույներ, խաղացեք դրանց հետ։ Հաճելի են կանաչի երանգները, ինչու չէ նաև դեղինը։
Թարմացրեք լողախցիկի վարագույրը
Եթե ձեր լողասենյակում լողախցիկն առանձնացված է վարագույրով, այլ ոչ թե ապակյա խցիկով, ապա դուք կարող եք պարբերաբար փոխել նաև այդ վարագույրները։ Նախ՝ հիգիենայի առումով կարևոր է, որ դրանք միշտ մաքուր լինեն, հետո՝ միշտ հաճելի է, երբ նոր գույների կամ նոր դիզայնի իրեր են հայտնվում նախկին միջավայրում։ Լողախցիկի վարագույր ընտրելիս մի մոռացեք գույների ներդաշնակության մասին։ Փորձեք դրանք համապատասխանեցնել մյուս աքսեսուարների հետ։ Կարող եք բնության նախշերով ինչ-որ տարբերակներ փորձել կամ ուղղակի միայն ծաղկային ոճն ընտրել։
Լողասենյակում ավելացրեք հարդարման համար հայելի
Երբ օրերը սկսում են տաքանալ, դուք ավելի շատ ժամանակ եք անցկացնում դրսում, քան թե տանը: Լողասենյակում ունեցեք հարդարման համար փոքր չափի հայելիներ, դրանք լինում են ամենատարբեր չափերի ու դիզայնի: Դրանք կարող եք պատին ամրացնել կամ հենց լողախցիկում: Ճիշտ ընտրված հայելիով դուք հեշտորեն կպատրաստվեք ցանկացած միջոցառման համար: Փոքր հայելին էականորեն չի փոխում սենյակի տեսքը։ Այն օգնում է էլ ավելի լավ սկսել օրն առանց լողասենյակից դուրս գալու:
Փոխեք լողասենյակի բուրավետ նյութերը
Այն, որ պետք է լողասենյակը մշտապես մաքուր ու թարմ պահել հասկանալի է, բայց այդ սենյակի բույրերը փոփոխելով այն կդարձնեք ավելի հաճելի: Փոխեք օճառը, ընտրեք ավելի նուրբ բույրերով օճառներ, օրինակ՝ ծաղկային նուրբ բույրով: Փոխեք շամպույնը, դարձյալ ուշադրություն դարձրեք, որ այն լինի հնարավորինս բնական: Եվ ամենկարևորներից մեկը, թարմացրեք օդը թարմացնող դեզոդորանտը: Ուշադրություն դարձրեք, որ դրա հոտը նույնպես հնարավորինս նուրբ լինի, որպեսզի դրա հոտի պատճառով ձեր ինքնազգացողությունը չվատանա, սրտխառնոց չառաջացնի: Սուր հոտեր ընդհանրապես չի կարելի օգտագործել փակ ու փոքր տարածքներում:
Թարմացրեք խնամքի պարագաները
Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է թարմացնել խնամքի պարագաները: Երբեմն լողասենյակում այնքան շատ սրվակներ ու տուփեր են լինում, որ դրանց օգտագործման մասին մոռանում էլ եք: Վաղ թե ուշ դրանց պահպանման ժամկետն անցնում է ու դրանք ուղղակի հավելյալ տեղ են գրավում ձեր դարակներում: Նայեք պիտանելիության ժամկետներին, թափեք հին սրվակները ու ձեռքի տակ պահեք միայն այն պարագաները, որոնք ամսվա կտրվածքով օգտագործելու եք: Գարնանային շունչն ապահովելու համար կարող եք խնամքի պարագաների համար գոյություն ունեցող հատուկ դիզայնով սրվակներ գնել: Եթե դրանք թեմատիկ նույն դիզայնն ունենան, շատ ավելի լավ, այդպես ամբողջական հավաքածուի տեսք կստանան ձեր խնամքի պարագաները:
Եվ վերջում, մի խուսափեք լողասենյակում ծաղիկներ կամ ինչ-որ դեկորատիվ բույս ունենալ: Այն իսկապես գարուն կբերի ձեր լողասենյակ: